Ինչպես օգտվել

Data.hetq.am-ում յուրաքանչյուր պաշտոնյա իր պրոֆիլն ունի, որը բաղկացած է նրա կենսագրությունից, փոխկապակցված անձանց քարտեզից, դրամական միջոցների գրաֆիկից, անշարժ և շարժական գույքի, ինչպես նաև արժեթղթերի, փոխառությունների, թանկարժեք գույքի և եկամուտների մասին տեղեկատվությունից։

Գույքի և դրամական միջոցների վերաբերյալ տեղեկատվության աղբյուրը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովն է, իսկ փոխկապակցված անձանց քարտեզը ստեղծելիս՝ օգտվել ենք նաև այլ աղբյուրներից։

Կայքի գլխավոր էջի վերևի հատվածում առկա են որոնման դաշտ և դասակարգման ֆիլտրեր։ Կարող եք որոնման դաշտում գրել Ձեզ հետաքրքրող պաշտոնյայի ազգանունը, այնուհետև անունը՝ նրա պրոֆիլն անմիջապես բացելու համար։ Իսկ եթե հետաքրքրված եք ոչ թե մեկ անձով, այլ ցանկանում եք ծանոթանալ պատգամավորների ունեցվածքի միտումներին, օգտվեք ֆիլտրերից։

Դրանք հնարավորություն կտան աճման կամ նվազման կարգով տեսնել ամենաշատ դրամական միջոցներ, եկամուտներ կամ փոխկապակցված անձինք ունեցող պաշտոնյաներին՝ տարեկան կտրվածքով։


Եթե պաշտոնյայի պրոֆիլ եք մուտք գործել, այստեղ կարող եք ծանոթանալ նրա կենսագրությանը՝ քաղված պաշտոնական աղբյուրներից, տեսնել փոխկապակցված անձանց քարտեզը, դրամական միջոցների տարեկան միտումների գրաֆիկը և հայտարարագրած անշարժ, շարժական գույքի, փոխառությունների և թանկարժեք գույքի աղյուսակները։

Փոխկապակցված անձանց քարտեզը բաղկացած է 2 սյունակից․ առաջին սյունակում պաշտոնյայի հետ անմիջական փոխկապակցվածություն ունեցող անձինք են՝ ամուսինը/կինը, քույրը/եղբայրը, զավակները/ծնողները։ Երկրորդ սյունակում նրանք են, ովքեր անմիջական կապ ունեն ոչ թե պաշտոնյայի, այլ նրա ընտանիքի անդամների հետ․ խնամիներ, թոռներ, կնքահայր, համատեղ բնակվող անձինք և այլն։

Գոյություն ունեն կապերի մի քանի տեսակներ՝ ամուսին, համատեղ բնակվող անձ, անչափահաս զավակ, զավակ, եղբայր/քույր, նույն հասցեում գրանցված անձ և ծնող։ Կապերի տեսակները կարելի է տարբերակել՝ ըստ քարտեզի վերևում նշված գույնի։ Սեղմելով փոխկապակցված անձի անվանը՝ քարտեզի վերևում կհայտնվի կապի տեսակի անվանումը, որով տվյալ անձը կապված է պաշտոնյայի հետ։ Հնարավոր է կապի տեսակը տարբերակել նաև կապերի միջև գծերի գույնով։


Եթե ցանկանում եք տվյալ պաշտոնյայի փոխկապակցված անձանց վերաբերյալ քարտեզն ամբողջությամբ կամ դրա մի հատված տեղադրել Ձեր կայքում, սեղմեք ներքևի աջ անկյունում գտնվող «ստանալ կոդը» կոճակը, կրկնօրինակեք կարճ այն և տեղադրեք ցանկացած կայքում։


Պաշտոնյայի դրամական միջոցները նրա պրոֆիլում ներկայացված են գրաֆիկի միջոցով, որտեղ երևում է վերջինիս տարբեր փոխարժեքներով դրամական միջոցների աճման կամ նվազման միտումը՝ պաշտոնավարման տարբեր տարիների ընթացքում։


Եթե ցանկանում եք դրամական միջոցների գրաֆիկը տեղադրել Ձեր կայքում, սեղմեք ներքևի աջ անկյունում գտնվող «ստանալ կոդը» կոճակը, կրկնօրինակեք այն և տեղադրեք ցանկացած կայքում։

Հարկային տարում ձեռք բերած կամ օտարած անշարժ գույքը բաժնում ներկայացված է նշված տարվա ընթացքում պաշտոնյայի ձեռք բերած կամ վաճառած անշարժ գույքի տեսակը, ձեռք բերման կամ վաճառքի գինը և արժույթը։ Անշարժ գույքի հասցեն նշված է «անհայտ», քանի որ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը ջնջում է հայտարարագրերից այդ հատվածը՝ համարելով անձնական տվյալ։

Սեղմեք տարբեր տարիների վրա՝ տվյալ տարվա ձեռք բերած և վաճառած անշարժ գույքի վերաբերյալ տվյալներին ծանոթանալու համար։


Նույն տրամաբանությունն է գործում նաև պաշտոնյայի հայտարարագրած շարժական գույքի աղյուսակում։

Հարկային տարում ձեռքբերած և օտարած արժեթղթերը և այլ ներդրումները բաժնում ներկայացված է պաշտոնյայի ունեցած ներդրումների տեսակը, արժույթը, գինը և տեղեկատվություն այն մասին, թե արդյոք այն ձեռք է բերվել տվյալ հարկային տարում, թե վաճառվել է։

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը հրապարակում է, որ պաշտոնյան ունի բաժնեմաս, բայց չի մանրամասնում ընկերության անվանումը, բաժնեմասի չափը և այլ կարևոր տեղեկություններ։ Բարձրաստիճան պաշտոնյայի կողմից հայտարարագիր լրացնելու նպատակը շահերի բախումը կանխելն է, և նրան հանրության առջև հաշվետու դարձնելը։ Էթիկայի հանձնաժողովի կողմից ընկերությունների անվանումները թաքցնելը զրկում է հարկ վճարողին՝ պաշտոնյային վերահսկելու իր հնարավորությունից։

Եկամուտները բաժնում հնարավոր է տեսնել, թե որքան և ինչ արժույթով է պաշտոնյան գումար ստացել՝ որպես եկամուտ։ Նշվում է նաև, թե ինչ տեսակի աշխատանքի դիմաց է ստացվել եկամուտը՝ շահաբաժնի, ստացված փոխառության, վարձակալության կամ աշխատանքի դիմաց։

Այս տվյալները մշակելիս՝ կրկին դժվարություն է առաջանում, քանի որ տվյալների աղբյուրը՝ Էթիկայի հանձնաժողովը, կրկին թաքցնում է հիմնարար տեղեկությունները։ Եկամտի տեսակ է նաև «այլ եկամուտներ» անհասկանալի արտահայտությունը։ Հրապարակված չեն պաշտոնյային վճարողի տվյալներն ու հասցեն։ Եթե հասցեն կարելի է համարել անձնական տվյալ, ապա վճարողի անվանումը կարևոր տեղեկություն է հանրության համար՝ պաշտոնյայի կայացրած քաղաքական որոշումներում շահերի բախումը բացահայտելու և կանխելու տեսանկյունից։

Փոխառությունները բաժնում երևում է պաշտոնյայի կողմից ավանդադրված կամ վարկ վերցված գումարի չափը՝ տարբեր արժույթներով։ Այս բաժնում ևս, Էթիկայի հանձնաժողովը թաքցրել է ամենակարևոր տեղեկատվությունը՝ պարտապանի տվյալները։

Թանկարժեք գույքը բաժնում կարող եք տեսնել, թե ինչ թանկարժեք գույք է պաշտոնյան ձեռք բերել՝ տարեկան կտրվածքով, ինչ արժեք է ունեցել այդ գույքը։ Երևում է նաև, թե արդյոք պաշտոնյան վաճառել է թանկարժեք գույք, եթե այո, ինչ գնով։

«Հետքի» հրապարակումները

Պաշտոնյաները միշտ չէ, որ հայտարարագրում են իրենց իրական եկամտի աղբյուրներն ու գույքը։ «Հետքը» տարիներ շարունակ հետաքննել է ամենահարուստ և ազդեցիկ պետական պաշտոնյաների ունեցվածքը, օֆշորային կապերն ու բիզնես գործունեությունը։ Յուրաքանչյուր պաշտոնյայի պրոֆիլի ամենաներքևի հատվածում կարող եք գտնել նրա վերաբերյալ «Հետքի» հետաքննությունները՝ հղումներով։