Շահերի բախման հիմքով վարույթ է հարուցվել Արսեն Թորոսյանի նկատմամբ. պայմանագրեր են կնքվել ընկերության հետ, որի տնօրենը Թորոսյանի կինն է

Շահերի բախման հիմքով վարույթ է հարուցվել Արսեն Թորոսյանի նկատմամբ. պայմանագրեր են կնքվել ընկերության հետ, որի տնօրենը Թորոսյանի կինն է

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը իրավիճակային շահերի բախման առերևույթ դեպքի հիմքով վարույթ է հարուցել Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի նկատմամբ։ Վարույթի հիմք է հանդիսացել data.hetq.am-ի գրությունը։ Մենք հանձնաժողովին տեղակացրել էինք, որ Առողջապահության նախարարությունը ծառայությունների մատուցման պայմանագրեր է կնքել «Միբս» ընկերության հետ, որի տնօրենը նախարար Արսեն Թորոսյանի կինն է՝ Վարդանուշ Թևանյանը։

Այդ պայմանագրերով «Միբս» ընկերությունը պարտավորվել է մատուցել հիվանդանոցային ծառայություններ, Էլեկտրոնային առողջապահական ծախսերի փոխհատուցում, համակարգչային տոմոգրաֆիայի ծառայություն։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին խնդրել էինք կատարել ուսումնասիրություն՝ պարզելու համար արդյոք առողջապահության նախարարության և «Միբս» ընկերության միջև կնքված պայմանագրերում առկա է շահերի բախում։

Վարույթ հարուցելու որոշման մեջ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը մեջբերել է «Հանրային ծառայության մասին» օրենքից երկու կետ.

«Շահերի բախումն իրավիճակ է, երբ պաշտոն զբաղեցնող անձն իր լիազորություններն իրականացնելիս կատարում է գործողություն կամ ընդունում որոշում, որը ողջամտորեն կարող է մեկնաբանվել որպես իր կամ իր հետ փոխկապակցված անձի անձնական շահերով առաջնորդվել»։

«Պաշտոն զբաղեցնող անձի՝ իր կամ իր հետ փոխկապակցված անձի անձնական շահերով առաջնորդվելը նշանակում է անձի լիազորությունների շրջանակում այնպիսի գործողություն կատարելը կամ որոշում ընդունելը (այդ թվում` կոլեգիալ մարմնի կազմում որոշում ընդունելուն մասնակցելը), որը թեև ինքնին օրինական է, սակայն հանգեցնում կամ նպաստում է կամ ողջամտորեն կարող է հանգեցնել կամ նպաստել նաև իր կամ իր հետ փոխկապակցված անձի գույքային կամ իրավական դրության բարելավմանը»։

Արսեն Թորոսյանը առողջապահության նախարար է նշանակվել 2018 թվականի մայիսի 12-ին։ Նրա նշանակումից հետո «Միբս» ընկերության հետ նախարարությունը կնքել է 5 պայմանագիր՝ ընդհանուր 124 միլիոն դրամ արժողությամբ։ Ըստ գնումների հաշվետվողականության էլեկտրոնային armeps.am համակարգի՝ առողջապահության նախարարությունը ծառայությունների մատուցման երկու պայմանագրեր «Միբս» ընկերության հետ էլ կնքվել է մինչև Թորոսյանի նախարար նշանակվելը։ 

Ըստ իրավաբանական անձանց ռեգիստրի տվյալների՝ «Միբս» ընկերության առաջին տնօրենը եղել է հենց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Նա ու կինը պարբերաբար միմյանց են հանձնել տնօրենի պաշտոնը։ Ընկերության առաջին տնօրենը եղել է Արսեն Թորոսյանը (2011/04/14-2016/01/20), ապա նրան փոխարինել է Վարդանուշ Թևանյանը (2016/01/20-2017/01/10), այնուհետև կրկին Թորոսյանն է դարձել ընկերութան տնօրեն (2017/01/10-2018/05/29)։ Նախարար նշանակվելուց երկու ամիս անց Թորոսյանը դուրս է եկել ընկերությունից՝ պաշտոնը փոխանցելով կնոջը (2018/05/29-ից մինչ օրս)։

«Միայն նրա համար, որ ես եմ այս պահին տնօրեն, իսկ պարոն Թորոսյանը նախարար, ճիշտ չէ ասել, որ այդտեղ կա շահերի բախում, որովհետև կազմակերպությունն արդեն իններորդ տարին աշխատում է և տարվա մեջ մոտ 15 000 պացիենտ է ընդունում»,- datahetq.am-ի հետ զրույցում նշեց Վարդանուշ Թևանյանը։ 

«Միբս» ՍՊԸ-ն, բացի առողջապահության նախարարությունից, պայմանագրեր է կնքել նաև Երևանի քաղաքապետարանի հետ։ Ըստ գնումների հաշվետվողականության էլեկտրոնային armeps.am համակարգի՝ 2018 թվականից ընկերության հետ քաղաքապետարանը կնքել է 4 պայմանագիր՝ մոտ 30 միլիոն դրամ արժողությամբ։ Մասնավորապես՝ բժշկական ծառայություններ, համակարգչային տոմոգրաֆիայի ծառայություն, համակարգչային և մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիայի ծառայություններ։

Առողջապահության նախարարությունն ու Երևանի քաղաքապետարանը «Միբս» ընկերության հետ կնքել են ընդհանուր առմամբ 176 միլիոն դրամի պայմանագիր։ Նախարարի կնոջ ընկերությունից կատարված գնումներից և ոչ մեկի համար առողջապահության նախարարությունը մրցույթ չի հայտարարել։ Կնքված պայմանագրերից հինգը եղել են մեկ անձից գնումներ ընթացակարգով, մեկը՝ գնում չհանդիսացող ծախսեր ընթացակարգով, իսկ մեկի ընթացակարգը նշված է «ԵՄ», որը գնումների կայքի մեթոդաբանության մեջ չի բացատրվում։

Երևանի քաղաքապետարանի հետ բոլոր պայմանագրերը կնքվել են գնանշման հարցում ընթացակարգով, ինչը նշանակում է, որ քաղաքապետարանը գնանշման հարցում է արել տարբեր ընկերությունների և ընտրել «Միբս» ՍՊԸ-ն։ 

Կնքված պայմանագրերում «Միբս» ընկերության կողմից որպես կողմ է ներկայացել և պայմանագրերը ստորագրել Վարդանուշ Թևանյանը։ 

«Պետությունից ստանում եմ պետպատվերի գումար, որի դիմաց ծառայություն եմ մատուցում բազմաթիվ քաղաքացիների։ Այսինքն՝ մեզ պետությունը ոչ թե ուղղակի նվեր է տալիս այդ գումարը, մենք մատուցում ենք ծառայություն, որի դիմաց պետությունը գումար է տալիս։ Ի դեպ, այս տարվա հունվարից էլ Օֆերտայի ծրագիր է ներդրվել, և պացիենտը ինքն է որոշում որտեղ է ցանկանում իր ծառայությունը ստանալ, և ծառայությունը մատուցելուց հետո նոր պետությունը գումարը փոխհատուցում է։ Այսինքն՝ հարցը, որ մեզ այսքան գումար է տրվել, դուք այդտեղ շահերի բախում տեսնո՞ւմ եք, թե ոչ, դուրս է գալիս, որովհետև պացիենտն ինքն է որոշում, որ բժշակական կենտրոն դիմի»,-նշեց Վարդանուշ Թևանյանը։

ՄԻԲՍ բժշկական կենտրոնը (նախկինում` Կենսաբանական համակարգերի միջազգային ինստիտուտի բժշկա-ախտորոշիչ կենտրոն, ԿՀՄԻ ԲԱԿ) բացվել է Երևանում 2011թ-ին: Այն հանդիսանում է ՌԴ Սանկտ-Պետերբուրգում գտնվող ՄԻԲՍ բժշկական կենտրոնի երևանյան մասնաճյուղը:

2019 թվականին Վարդանուշ Թևանյանը եկամուտների բաժնում նշել է ընկերության գործունեությունից ստացված գումարը. 4 320 000 դրամ ստացել է վարձակալության դիմաց և 19 763 417 դրամ աշխատավարձ։ 

Գույքի և եկամուտների հայտարարագրերի ձևանմուշի փոփոխությունից հետո այս տարի պաշտոնյաները պետք է ոչ միայն հայտարարագրեն եկամուտն ու գույքը, այլ նշեն դրանց ստացման աղբյուրը։ Այսինքն, հայտարարագրում երևում է նաև, թե պաշտոնյան որ ընկերությանը կամ կազմակերպությանն է ծառայություն մատուցել և վճարվել։ 

Ըստ հայտարարագրի՝ Վարդանուշ Թևանյանը նախորդ տարի գնել է «MERCEDES-BENZ» մակնիշի ավտոտմեքենա։ Այն եղել է 2015 թվականի թողարկման և արժեցել է 13 միլիոն դրամ։

Տարեվերջի դրությամբ Թևանյանն ունեցել է 30 549 դոլար ավանդ, մոտ 247 հազար դրամ։

Դիանա Ղազարյան