ԱԺ պատգամավոր Արթուր Մանուկյանի պարզաբանումը

ԱԺ պատգամավոր Արթուր Մանուկյանի պարզաբանումը

Երեկ հրապարակել էինք «Բազմաբնակարան շենքը 19 ԱՄՆ դոլար արժե, երբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ծանրաբեռնված է» վերնագրով հոդված, որում պատգամավոր Արթուր Մանուկյանի տարեկան հայտարարագրի մեջ եղած սխալների օրինակով բարձրաձայնել էինք Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի աշխատանքի հետ կապված խնդիրների մասին։

Պատգամավոր Արթուր Մանուկյանը data.hetq.am-ին պարզաբանել է իր 2019 թ.-ի տարեկան հայտարարագրում եղած սխալները։

Այսպես, հայտարարագրում նշված է, որ Մանուկյանը 2019 թվականին 19 ԱՄՆ դոլարով ձեռք է բերել բազմաբնակարան շենք։ Իրականում, ըստ Մանուկյանի, ինքը ձեռք է բերել ոչ թե բազմաբնակարան շենք, այլ բնակարան՝ 19 հազար ԱՄՆ դոլարով։

Հայտարարագրում նաև նշված էր, որ նույն տարում պատգամավորը վաճառել է մեկ բնակարան՝ 65 ԱՄՆ դոլարով։ Պրն Մանուկյանը տեղեկացրեց, որ վաճառել է իր հայրական տունը Զեյթուն թաղամասում՝65 հազար ԱՄՆ դոլարով։

Պատգամավորի խոսքով, մեր հոդվածը կարդալուց հետո նրա օգնականը դիմել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին և պարզաբանումներ է պահանջել սխալների վերաբերյալ։ Նրան տեղեկացրել են, որ Հանձնաժողովը դրանք չի ուղղել ծանրաբեռնվածության պատճառով։

Հիշեցնենք, որ data.hetq.am-ը դեռ հունիսի 30-ին Հանձնաժողովին գրավոր տեղեկացրել էր վերլուծության արդյունքում հայտնաբերած այս և տասնյակ այլ խնդիրների մասին։ Սակայն, գրեթե մեկուկես ամիս անց դրանց լուծում չէր տրվել, ինչի պատճառով էլ հրապարակվել էր հոդվածը։

Սամսոն Մարտիրոսյան